Տաջիկստանի ԱԳՆ․ ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին

Ռուսաստանի անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն օրենքի, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահանջներին, հատկապես՝ կալանավորների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելման, ինչպես նաև անմեղության կանխավարկածի առնչությաբ։ Դրա մասին հայտարարել է Տաջիկստանի ԱԳՆ ղեկավար Սիրոջիդին Մուխրիդինը կառավարության նիստում՝ խոսելով «Կրոկուս»-ի ահաբեկչության հետաքննության մասին։

«Անընդունելի է ահաբեկչության ենթադրյալ հեղինակներին՝ նրանց նկատմամբ խոշտանգումների կիրառմամբ մարմնական վնասվածք պատճառելով կալանավորելու տեսագրությունները բաց տեղեկատվական տարածքում ցուցադրելը։ Այս կերպ ձեռք բերված խոստովանական ցուցմունքների գինը բոլորին քաջ հայտնի է»,- պարզաբանել է նախարարը։

Մուխրիդինը շեշտել է, որ «չմտածված տեղեկատվական արշավի պատճառով տաջիկների և Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում», սակայն պետք է կանխել ռասիզմի, այլատյացության և ատելության մթնոլորտի ձևավորումը։ Նա ընդգծել է, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, հեղինակները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն, բայց հետաքննությունը պետք է անաչառ և արդար լինի։

News.am