Դուկեն․ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համար անհրաժեշտ բոլոր տարրերը կան

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր տարրերը կան՝ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսնակ Անրի Դուկենը։

«Մենք մշտական կապի մեջ ենք կողմերի հետ և կարծում ենք, որ մի քանի տարվա բանակցություններից և քննարկումներից հետո, այդ թվում՝ Շառլ Միշելի աջակցությամբ, կայունության հասնելու պայմաններ են ստեղծվել», - համոզմունք է հայտնել Դուկենը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է այն փաստը, որ Երևանը և Բաքուն պարբերաբար փոխանակում են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկները։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Տոյվո Կլաարը կշարունակի տարածաշրջանային այցերը՝ խթանելու խաղաղության օրակարգը։

News.am