Կիրակոսյան․ Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին

Ադրբեջանում երեխաներին իրենց դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական հեռուստաալիքները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները նվաստացնում են հայերին և իսպառ վերացնելու կոչեր անում։ Հաագայի դատարանի այսօրվա նիստում այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ։

Կիրակոսյանը նշել է, որ այս ամենը պետական մակարդակով թույլատրված ռասիզմ է` շեշտելով, որ խոսքն այն միջավայրի մասին է, որտեղ խաղաղ պայմաններում հային կացնահարած մարդուն մեծարում են, պարգևատրում իբրև ազգային հերոսի։

Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ երկրում հայատյացության քաղաքականություն են վարում և խրախուսում։

Կիրակոսյանը խոսել է 44-օրյա պատերազմի մասին՝ մեջբերելով Ալիևի խոսքերը, թե թշնամու նկատմամբ ունեցած ատելությունն էր իրենց առաջ մղում։

«44-օր շարունակ ադրբեջանցի զինվորները համակարգված ձևով սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին, իրենք իրենց հպարտորեն նկարահանում էին՝ ցույց տալով, թե ինչպես են խոշտանգում էթնիկ հայ քաղաքացիական անձանց և հայ ռազմագերիներին՝ միաժամանակ ռասայական վիրավորանքներ հնչեցնելով»,- նշել է Կիրակոսյանը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Sputnik Արմենիա