Պետք է կանգնեցնենք Նիկոլին. «Կամք» նախաձեռնությունն ակցիա է անում կառավարության շենքի մոտ

Հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած «Կամք» շարժման անդամները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ըստ Չախալյանի` իրենց ցանկությունը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը կանգնեցնելն է։

«Հայ ժողովրդի շահը մեզ թելադրում է, որ կանգնեցնենք Նիկոլին։ Մենք վստահ ենք` հանուն տասնյակհազարավոր քաղաքացիներ պատրաստ են դուրս գալ փողոց և պայքարել Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության համար»,–ասաց Չախալյանը։

Նրա թիմակիցներից Արման Մխիթարյանն էլ նշեց, որ իրենց առջև գոյաբանական հարց է դրված, և հիմա ազգային-ազատագրական պայքար է սկսվում։

«Էսօր մենք լինել-չլինելու խնդրի առաջ ենք կանգնած»,–ասաց նա։

Ակցիայի ընթացքում Չախալյանն ընդգծեց, որ իրեն արդեն վախեցնում են քրեական գործերով, սակայն ինքն ու իր կողմնակիցները մտադիր չեն նահանջել և պայքարելու են մինչև վերջ:

Նշենք, որ ակցիայի ընթացքում նախաձեռնության մասնակիցներին մոտեցավ նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը: Ցուցարարները նրան հարց ուղղեցին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարելու առնչությամբ։

«Ես միայն մի բան կարող եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված, արդյունքները կհրապարակվեն»,– պատասխանեց Քոչարյանը։

Դիտարկմանը, որ աննախադեպ է որակվում տեղի ունեցածը, երբ ոստիկանները շղթայված Սամվել Վարդանյանին բաժին տեղափոխելիս խոշտանգում են, ոստիկանապետն արձագանքեց. «Դեռ հարց ա՝ այդպես է եղել, թե ոչ»:

Դրանից հետո ոստիկանապետը դիմեց Վահագն Չախալյանին ու խորհուրդ տվեց ոստիկանների աշխատանքի մասին քիչ խոսել՝ ո՛չ լավ, ո՛չ վատ:

Sputnik Արմենիա