ՀԺՄ–ն և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են ազատել Սամսոնյանին և Սաղաթելյանին

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) և Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) պահանջում են անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, որոնք ազատազրկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։

Կառույցները տարածած հաղորդագրությունում նշում են, որ Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են ու դատապարտում են իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խստացնում է խոսքի ազատության սահմանափակումները։ Ծանր վիրավորանքը քրեականացնելու փորձից հետո իշխանություններն օգտագործում են խուլիգանությունը պատժող իրավանորմերը՝ պատժելու ընդդիմախոսներին և լրագրողներին։ Ըստ ՀԺՄ-ի՝ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է»,– ասված է հաղորդագրությունում։

ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է` եթե անգամ Սամսոնյանն ու Սաղաթելյանն իրենց փոդքասթում կոպիտ արտահայտություններ են օգտագործել, դա ոչ մի կերպ չի արդարացնում ոստիկանության դաժանությունն ու ձերբակալումը։ Նա ընդգծել է` կարծիք արտահայտելը խուլիգանության հետ նույնականացնելով` իշխանությունները չարաշահում են օրենքը։

«Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում։ Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն իրենց կարծիքն արտահայտելու համար բանտարկված քաղաքական ընդդիմախոսներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մենք նրանց համարում ենք քաղբանտարկյալներ և պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակումը»,- նշել է EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը:

Նշենք, որ «Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք կալանավորվել են և մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով:

Sputnik Արմենիա