Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Նիկոլ Փաշինյան
Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ստեփանավանում` պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկվա պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ։
Նշենք, որ ՌԴ սահմանապահները 2021 թվականի օգոստոսին են տեղակայվել սահմանամերձ Ոսկեպար համայնքում։
Փաշինյանը վստահ է` Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել։
«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,– նշեց Փաշինյանը։
Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտեց, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել, զինվորներին էլ պետք է թույլ տալ, որպեսզի մի փոքր հանգստանան։
«Կարծում եմ` պատմական բան է տեղի ունենալու։ Սահմանագծերին էլ որոշակի նախնական նշաններ կհայտնվեն, որի մի կողմում կգրվի` Հայաստանի Հանրապետություն, իսկ մյուս կողմում` Ադրբեջան։ Սա լրջագույն փոփոխություն է, ու մենք ոչ թե հասել ենք այն իրավիճակին, որին ուզում էինք, այլ մենք ոտք դրեցինք այն ճանապարհին, որով մենք պետք է հասնենք։ Մեր ոտքն այժմ ուղիղ ճանապարհի վրա է, շատ կարևոր է այդ ճանապարհից չշեղվելը»,– նշեց նա։