Ճանապարհը շարունակելու է փակ մնալ․ Սուրեն Պետրոսյանը՝ անելիքների մասին

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակելու է փակ մնալ։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց վերջերս Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նա կոչ արեց Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրողներին միանալ ակցիային, եթե չեն կարող գալ Կիրանց, ապա յուրաքանչյուրն իր բնակավայրում նմանատիպ ակցիա կազմակերպի, որ շղթան տարածվի։

«Ամեն մեկն իր միջավայրում պետք է ընդվզման պրոցեսը սկսի՝ Դիլիջանից, Կիրանցից սկսած՝ Երևանով ավարտված։ Կիրանցին այս պահին պահում է պետությունը»,- ասաց Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հիմա փորձում են մի գյուղի բնակչին մյուսի հետ թշնամացնել։

«Սա ո՛չ Կիրանցի, ո՛չ Բաղանիսի, ո՛չ էլ Ոսկեպարի խնդիր է։ Սա ամբողջ հայության խնդիրն է, այստեղ վճռվում է պետության և պետականության ապագան»,- նշեց Պետրոսյանը։

Հավելեց, որ գործընթացին պետք է միանա նա սփյուռքի հայությունը։

Ինչ վերաբերում է իշխանությունների խոստումներին վստահելը՝ Պետրոսյանը նշեց՝ իմաստ չունի, ավելին՝ չի կարելի հավատալ։

«Երեկ կիրանցին ճանապարհը չի բացել։ Կիրանցու հետ պայմանավորվել են ու խաբել են»,- նշեց քաղաքագետը։ Նա շեշտեց՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, սահմանազատում չէ, այլ միակողմանի հանձնում է։

Նա հիշեցրեց նաև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Գյուղացիներին խոստացել էին, որ որևէ գործընթաց տեղի չի ունենա։ Երկուշաբթի օրը՝ ժամը 6-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպելու է գյուղերի ներկայացուցիչների հետ՝ նրանք առաջարկները քննարկելու համար։ Սակայն այսօր առավոտյան, ի հեճուկս խոստումների, գյուղեր զինված ուժերից ներկայացուցիչներ են եկել ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Դրանից հետո բնակիչները կրկին ոտքի են կանգնել ու ճանապարհ փակել։

Sputnik Արմենիա