Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին փոխվարչապետի հետ հանդիպումից. Մանրամասներ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը տավուշցիների հետ հավասար պայքարում է սահմանազատման դեմ, երեկ գիշերը խոսել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի հետ, որը մանրամասներ է պատմել ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումից։

«Մանրամասներ չգիտեմ հանդիպումից, ես հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, գիշերը շատ ուշ էր` ժամը 02։00-ին կամ 03։00-ին։ Նա այլայլված էր, ասաց` ինչ կար, նույնն է մնացել, դեռ մի բան էլ ավելին։ Մանրամասն չի ասել, թե ինչ է արվելու։ Պայմանավորվեցինք այսօր հանդիպել իր, Ոսկեպարի և Բաղանիսի գյուղապետների հետ, ժողովուրդն էլ գա, մանրամասն պատմեն, թե ինչ են խոսել»,– լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։

Նա վստահեցրեց` ճանապարհը փակած տավուշցիները ճիշտ և առաքինի գործ են անում, չեն համակերպվում ստի, չարիքի և կեղծիքի հետ, քանի որ սա միայն հայրենիքի հողակտորի հարց չի։ Սրբազանը նշեց, որ չի հավատում, թե կա այնպիսի մարդ, որը ցանկանում է խաբված լինել։ Նկատեց` հավաքվածներից շատերի տները ներքևում են, սահմանազատումը չի առնչվում իրենց, բայց վերջիններս պայքարում են, որովհետև կեղծիքը չեն հանդուրժում։

Sputnik Արմենիա