Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է, ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը: Դա զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել ճանապարհը:

Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:  Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին:

Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները հանդիպել են բնակիչների հետ: Նրանք դժգոհ էին երեկ փոխվարչապետի հետ ունեցած հանդիպումից, ասացին, կոնկրետ նշվել է, որ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած: Նրանց փոխանցմամբ՝ կտեղադրվեն հատուկ նշաններ:

Վարչական ղեկավարները ևս բավականին զայրացած էին, այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:

News.am