Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը դատապարտում է ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները։

Երեկ տեղեկացրել էինք, որ Տավուշում ոստիկանները սկսել են բերման ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին։ Բերման են ենթարկվել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։

«Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում»,– ասված է հայտարարության մեջ:

Շարժումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում հստակ գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին։

«Համոզված ենք, որ այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով։ Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը:»,– նշված է հայտարարության մեջ։

Sputnik Առմենիա