Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ

2023 թվականի դրությամբ տարբեր ազգային և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հիմնականում գործել են առանց Հայաստանի կառավարության կողմից սահմանափակումների՝ վերահսկելով կամ հետաքննելով մարդու իրավունքների իրավիճակը և հրապարակելով իրենց բացահայտումները։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 Country Reports on Human Rights Practices: Armenia («Երկրի զեկույցներ՝ մարդու իրավունքների պրակտիկայի մասին 2023. Հայաստան») տարեկան զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ եղել են հաղորդումներ այն մասին, որ կառավարությունը խորհրդակցել է քաղաքացիական հասարակության խմբերի հետ, սակայն քաղաքականություն մշակելիս հաշվի չի առել նրանց տեսակետները:

«Օրինակ՝ հունվարի 10-ին երեք հայտնի հասարակական կազմակերպություններ դադարեցրին իրենց անդամակցությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդին՝ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար նշանակվելուց հետո։ Այս ՀԿ-ները մեկնաբանեցին, որ ոստիկանի նշանակումը, «ով դեմ է եղել ոստիկանության բարեփոխումների գործընթացին», կխաթարի հանրային վստահությունը և ոստիկանության գործառույթների նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը»,- նշում է ԱՄՆ ԱԳՆ զեկույցը:

News.am