2024-04-30 09:46
Լրատվական գործակալություններ
«Ամեն ինչ նույնն է մնացել». ավարտվել է կիրանցեցիների հանդիպումը Փաշինյանի հետ
Կիրանցի բնակիչները րոպեներ առաջ դուրս եկան կառավարության շենքից, որտեղ հանդիպման էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կիրանցեցիներից մեկն ասաց. «Ամեն ինչ նույնն է մնացել»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը հանդիպումից հետո հասցրել է մի քանի բառ խոսել կիրանցեցիների հետ, լրագրողներին ասաց, որ նրանց պահանջները, խնդրանքն ու առաջարկները կառավարությունում չեն ընդունվել։
«Մարդկանց անորոշության մեջ են դրել, տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին։ Նրանք առաջարկել են գոնե սահմանազատումը արվի խորհրդային տարիների սահմաններով, բայց իրենց ասել են` կարող է` այդպես լինի, կարող է` այդպես չլինի, կարող է նաև հենց գյուղի միջով անցնի սահմանը»,– ասաց նա։