Քեմերոն․ Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար և նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հինգշաբթի այցելեց Կիև և Ուկրաինային խոստացավ տարեկան երեք միլիարդ ֆունտ (3,74 միլիարդ դոլար), ինչպես նաև ասաց, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Բրիտանիայից ստացված զենքը Ռուսաստանի տարածքում։

«Մենք ամեն տարի երեք միլիարդ ֆունտ կտանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մենք պարզապես արդեն հավաքել ենք այն ամենը, ինչ կարող էինք տեխնիկայի և սպառազինության առումով», - Քեմերոնի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում Բրիտանիայից ստացված միջոցների օգտագործմանը, ապա դա, ըստ Քեմերոնի, ուկրաինացիների որոշելիքն է։

«Ուկրաինան ունի այդ իրավունքը։ Ռուսաստանը թիրախավորում է ուկրաինական տարածքը, և հասկանալի է, որ Ուկրաինան զգում է իրեն պաշտպանելու անհրաժեշտությունը»,- ասել է Քեմերոնը։

Քեմերոնը Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի ղեկավարության այլ անդամների հետ և, մասնավորապես, հայտարարել է Բրիտանիայից զենքի և զինամթերքի նոր առաքումների մասին, այդ թվում՝ ճշգրիտ ռումբեր, զենիթային հրթիռներ և սարքավորումներ 100 շարժական ՀՕՊ թիմերի համար։

News.am