Գլխավոր դատախազն ԱԱԾ է ուղարկել Զոհրաբյանի` Փաշինյանին պատասխանատվության կանչելու պահանջը

ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածքները և Տավուշի բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթացի մեկնարկի հետ՝ կցված փաստաթղթերը, այդ թվում՝ սեփականության վկայականները ստուգելու համար: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ պատասխանը ստանալուց հետո կքննարկվի քրեական վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը։

Վարդապետյանը պարզաբանեց, թե ինչու են փաստաթղթերը ուղարկել ԱԱԾ։

Նրա խոսքով՝ գլխավոր պատճառն այն է, որ ներկայացված էր ընդամենը մեկ փաստաթուղթ, ընդ որում՝ ոչ բնօրինակը։

Հիշեցնենք` ապրիլի 25–ին մի խումբ իրավաբանների կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Նախաձեռնողները Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ռազմական փորձագետ Հայկ Նավասարդյանն են։

Sputnik Արմենիա