ԵՄ պատվիրակության ղեկավար․ ՀՀ-ին աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Եվրամիության Խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին տրամադրվող օգնության մանրամասների մասին դեռ վաղ է խոսել։ Դրա մասին մայիսի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Մեկնաբանելով ԵՄ Խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու ԵՄ-ի ջանքերը՝ հաշվի առնելով, որ Հունգարիան նախկինում արգելափակել էր աջակցության ծրագիրը, Մարագոսը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել են Հայաստանի կայունությանն աջակցելու և կարիքներին արձագանքելու հարցերը։ Այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկելու աջակցության երկու ուղղություն՝ Եվրամիության Խաղաղության հիմնադրամի միջոցով ոչ մահաբեր օգնության տրամադրումը և Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդների թվի ավելացումը:

«Ինչ վերաբերում է ԵՄ առաքելությանը, դիտորդների թվաքանակն արդեն ավելացել է, նրանք ժամանել են, և նրանց տեղակայման գործընթացը ընթացքի մեջ է։ Երկրորդ հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, իսկ մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է։ Բայց հուսով ենք՝ այս գործընթացը շուտով կավարտվի»,- ընդգծել է դեսպանը։

News.am