Գառնիկ Դանիելյան․ Ոստիկանությունը խոշտանգելու հրաման է ստացել. լսել եմ՝ պրեմիա են ստացել դրա համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սա գործելաոճ չի, միանգամից մայթում կանգնած, փողոցով անցնող մարդկանց. օպերատորներից մեկի հետևից այնպես խփեցին, կամեռան վնասվեց. Ու դա դիտավորյալ են անում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Աբովյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին, որոնք բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին:
«Խոշտանգիչ են էս մարդիկ: Սա մեր երկրի, մեր հայրենիքի համար խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում մարդիկ: 2018-ին իրենց նկատմամբ ուժ էին կիրառո՞ւմ, իհարկե ոչ: Հիմա մարդիկ հանձնարարություն են ստացել փողոցում քայլող մարդկանց, լրագրողներին վախեցնելու: Լսել եմ՝ ինչ-որ պրեմիաներ են խոստացել կամ տվել են ոստիկաններին: Հիմա գումարի համար պետք չի իրենց էդքան շատ կտրտեն, որ իրենց շեֆը տեսնի, թե ինչ ձև են իրենք վարվում:
Եթե ճանապարհ են փակել, ոստիկանությունը պարտավոր է ողջամիտ ժամանակ տա, մի քիչ բարեկրթությու դրսևորի: Ի՞նչ է նշանակում լրագրողին ասես սադրիչ: Ոչ էլ ճանապարհ փակողներն են սադրիչներ:
Արցախը հանձնեցին, հիմա էլ Հայաստանն են հանձնում, որ դառնան Ադրբեջանի ոստիկանությո՞ւն: Դուք տեսաք՝ Կիրանցում ոնց վերաբերվեցին մարդկանց, ինչպես խոշտանգեցին: Դուք կարմիր գծեր չունե՞ք: Ոստիկանները խոշտանգելու, ծեծելու, ջարդելու հրաման են ստացել: Բայց դա հայրենատեր մարդկանց վրա չի ազդելու»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան և Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:
Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։
Նա նաև նշել է, որ վաղը առավոտյան ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլն։
Սրբազանը աջակցել ցանկացողներին կոչ արեց գալ, գրանցվել և հավաքագրվել կամավորական աշխատանքի. «Այս օրերին մեզ բազմաթիվ մարդիկ են միացել։ Վստահ եմ՝ երբ մեր ծրագրերը կոնկրետանան անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, մենք կլինենք մի քանի հարյուր հազար այստեղ»,– ասել է նա։
News.am