Ակցիաների մասնակիցներից ավելի քան 150-ին տարել են ոստիկանություն
Երևանում տեղի ունեցած բողոքի և իրազեկման ակցիաների ընթացքում ժամը 11։00-ի դրությամբ ավելի քան 150 քաղաքացի է բերվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում ավելի քան 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։ Ժամը 10։30-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 134 մասնակցի էին տարել ոստիկանություն։ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների։
«151 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)», – ասացին ոստիկանությունում։