Բորգը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը խուսափել է պատասխանել «արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի օրակարգը Մալթայի կողմից պաշտպանելու վերաբերյալ հարցին։

Մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Յան Բորգին հարց են ուղղել այն մասին, որ Բաքուն փորձում է օգտագործել ԵԱՀԿ հարթակը «արևմտյան Ադրբեջանի» մասին իր օրակարգն ու Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներն առաջ մղելու համար, ինչին անուղղակիորեն աջակցում է Մալթան։

Ի պատասխան՝ մալթացի նախարարը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ում Մալթայի նախագահությունը «շատ թափանցիկ և մաքուր» է, և Մալթան մտադիր է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու համար։ Նախարարը հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև գործընթացը երկկողմանի է։ Երկու մայրաքաղաքներում նախարարը բանակցություններ է վարելու՝ դրական արդյունքի հասնելու հույսով։

Սահմանազատման մասին հարցին Բորգը պատասխանել է, որ այն կառուցողական է, բայց ավելի հիմնավոր կարծիք հայտնելուց հրաժարվել է՝ դա բացատրելով նրանով, որ գործընթացը երկկողմանի է, ԵԱՀԿ-ն դրան չի մասնակցում։

News.am