ՀՀ գրողների միության նախագահ․ Ես ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ ՀՀ գրողների միություն, որտեղ նրանց դիմավորեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Միլիտոնյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ բոլորի նպատակը պետականության պահպանումն է, և ամեն մեկն իր տեղում իր գործով պետք է կարողանա համերաշխություն ձևավորել բոլորի, այդ թվում` ընդդիմության–իշխանության միջև։

Հարցին` արդյոք Միլիտոնյանն ու միության անդամները միանո՞ւմ են շարժմանը, Գրողների միության նախագահը պատասխանեց, որ իրենք բոլորը հարցեր ունեն իշխանությանը, օրինակ` Գրողների միությունը ՀՀ դատախազության հետ քննարկումների մեջ է` միության շենքի և գույքի հետ կապված։

«Ես ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա, օրակարգերը հստակեցվեն։ Ես կառանձնացնեի սրբազանի առաջ քաշած հաշտության գաղափարը։ Ես արվեստի իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել միասնական։ Սա այն երդումն է, որ Չարենցն է պատգամել մեզ` կուռ միասնականություն, ուժ, ամրություն, և ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար»,– հայտարարեց նա։

Ճեպազրույցից հետո Բագրատ սրբազանի գլխավորությամբ միությունում քննարկում տեղի ունեցավ Գրողների միությունում։

Sputnik Արմենիա