«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն։ Նախաձեռնության համակարգողներից մեկը` Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ դիմում են ներկայացնում։
Նշենք, որ նախորդ անգամ «ՀայաՔվեն» հանցագործության մասին մեկ այլ հաղորդում էր ներկայացրել դատախազություն, որը վերաբերում էր ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի փաստացի գրավման հետ կապված ապօրինություններին։ Դիմումում եղել է տեղեկություն մարդկանց խոշտանգման, անհամաչափ ուժի կիրառման, մարդկանց երթևեկության և տեղաշարժի սահմանափակման, ԶԼՄ–ների աշխատանքի ազատության սահմանափակման և այլնի մասին։
«Սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում 2 հանձնաժողովի հայտարարության հիման վրա, օրենքից դուրս է։ Մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Դա էլ եթե կնքվում է, այնուհետև Սահմանադրական դատարանը պետք է հաստատի, վավերացվի խորհրդարանում։ Կա ևս մեկ կետ` սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հայաստանն այդ ամենը չի արել, միևնույն ժամանակ հանձնաժողովն էլ իր վրա պարտավորություն է վերցրել, որ այն սահմանագծումը, որը տեղի կունենա այդ երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքի միջոցով, կհամարվի սահմանազատված»,– նշեց Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ տեղի ունեցողը օրենսդրությամբ կոպտագույն խախտում է, գործընթացը պետք է հանրաքվեով իրականացվի, քանի որ ՀՀ տարածքը յուրաքանչյուր քաղաքացունն է։ Ըստ քաղաքական գործչի` սա էլ նշանակում է, որ առանձին վերցրած որևէ պաշտոնատար անձ չի կարող սահմանազատման վերաբերյալ պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Չալաբյանը շեշտեց, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդված)։ Հավելեց, որ կազմակերպված խմբի միջոցով, ինչպես նաև էական վնաս հասցնելու դեպքում այդ հանցագործությունն իրականացնելու դեպքում նախատեսվում է 4-8 տարի ազատազրկում։
Հանցագործության մասին դիմումը ուղարկվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի։
«Եթե դատախազությունը թերանա, քննչական մարմինները թերանան, ապա կգնանք դատարանների միջոցով դա բողոքարկելու ճանապարհով։ Հետամուտ կլինենք, որ քրեական գործ հարուցվի»,– նշեց Չալաբյանը։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ընդգծեց, որ սահմանադրորեն անկախ մարմնի նկատմամբ (դատախազության – խմբ.) վստահություն չկա, ու պետք է անպայման հետևեն, որպեսզի վարույթն իր ընթացքով գնա։ Սողոմոնյանը բոլոր դատախազներից պահանջեց առաջնորդվել ՀՀ գերակա շահով և Սահմանադրության նորմերով։
Sputnik Արմենիա