Մելիքյան․ Կարմիրբերետավորներն ուժ են կիրառել, ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը կոտրվել է

Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած անհնազանդության ակցիաների ժամանակ կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Առավոտյան տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները Երևանում։ Կարճ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք»,– գրել է Մելիքյանը։

Նրա խոսքով` ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյանը։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Նրանք վստահեցնում են` այդ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող ոչ մի դեպքով որևէ կարմիրբերետավոր պատասխանատվության չի ենթարկվել։

Նախաձեռնության անդամները պահանջում են պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները վերսկսել են բողոքի և իրազեկման ակցիաները Երևանում։ Կարճ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։

Sputnik Արմենիա