Բագրատ սրբազանը հանդիպել է Տեր-Պետրոսյանի կուսակցության ներկայացուցիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի կուսակցության` Հայ ազգային կոնգրեսի անդամներ Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի հետ։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ զրույցում։
«Խոսել ենք իրենց դիրքորոշման ու կեցվածքի մասին, և հետո մենք երկար տարիների բարեկամություն ունենք։ Ի վերջո ես հոգևորական եմ»,– ասաց Բագրատ սրբազանը։
Լրագրողի հարցին, թե ՀԱԿ անդամներն արդյոք աջակցում են շարժման կողմից առաջ քաշված պահանջներին, օրինակ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նա պատասխանեց` այդ մասին ասելու կարիք չկար, քանի որ նրանք մեկ անգամ չէ, որ խոսել են դրա մասին։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ վաղվա հանդիպումներին, Բագրատ սրբազանն ասաց, որ մի մասի հետ այս ընթացքում արդեն հանդիպել են, բայց քանի որ կուսակցությունները շատ են, իսկ ժամանակը` քիչ, որոշել են նաև ընդհանուր հավաք անել և որոշակի եզրահանգման գալ միասին։
Sputnik Արմենիա