Արտակ Բեգլարյան․ ՀՀ կառավարության ռազմավարությունը Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ թվարկելով արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ։

Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ, մասնավորապես՝

1 Այս ու մնացած բոլոր որոշումներն այդպես էլ չընդունվեցին հանրային քննարկումների արդյունքում, այլ՝ նախագիծը մշակվեց ու շրջանառվեց գաղտագողի կերպով՝ խախտելով ներառականության ու ժողովրդավարության թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ միջազգային սկզբունքները: Մեր հասարակական ճնշման ներքո մարտին մի քանի օր քննարկումների իմիտացիա արեցին որոշ խմբերի հետ, բայց անհատ արցախցիների հետ կայացած այդ հանդիպումները շատ հեռու էին ներառականությունից:

Ավելին, իշխանությունները լրիվությամբ անտեսեցին նաև Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչների շարունակական պատրաստակամությունն՝ աջակցելու ծրագրի մշակման աշխատանքներին:

1 Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, իսկ ավելի ճիշտ` մի շարք հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է:

2 Հաստատված ծրագիրը սկզբունքային խնդիրներ ունի ընտրված մոտեցումների առումով, որոնք չեն լուծելու ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի թեմայի պահպանման հարցը, ո՛չ տեղահանված անձանց մեծամասնության մարդասիրական խնդիրները, ո՛չ էլ ՀՀ ժողովրդագրական խնդիրները: Ավելի մանրամասն կարծիքս կհայտնեմ առաջիկա օրերին, երբ հասցնեմ ավելի խորությամբ ուսումնասիրել ու վերլուծել հրապարակված նյութերը»:

News.am