Հռոմի պապ․ Հայաստանն ուրույն տեղ ունի համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ

Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիրը, ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ։Այս մասին Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապն ասել է Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանի հետ հանդիպման ժամանակ` կարևորելով երկու քրիստոնյա երկրների միջև հարաբերությունների խորացումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ այսօր` մայիսի 17-ին, Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին:

«Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում նորին սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնել և խորացնել դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:

Ֆրանցիսկոս պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ:

Sputnik Արմենիա