Բագրատ սրբազանը քաղաքական ուժերի հետ հանդիպում է անցկացնում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փակ հանդիպում է անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ։
«Առաջին հերթին ծանոթանալու եմ նրանց հետ, իրավիճակն եմ ներկայացնելու, երրորդն էլ այս ամբողջ գործընթացի ներառականության մասին ենք խոսելու»,- հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանը։
Նա չբացառեց, որ հնարավոր է` ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի։
«Ամեն ինչ հնարավոր է։ Մենք պարզ, լայն քննարկման ենք հրավիրել։ Շատերն ասում էին, որ պետք չէ բոլորին հրավիրել, բայց ոչ, բոլորին հարգում ենք։ Տերն ինչպես կամենա, այդպես էլ ամեն ինչ կհասնի իր հանգրվանին»,- նշեց սրբազանը։
Հոգևորականի խոսքով` այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված։
«Հիմա մենք պետք է քննարկենք ոչ թե հետևանքները, այլ պատճառը, որը նստած է Հանրապետության հրապարակի իր աշխատասենյակում։ Մենք նպատակ ենք դրել վերացնել այդ պատճառը»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոսը։
Նա ընդգծեց, որ իշխանության վերացման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում:
Sputnik Արմենիա