Սիմոնյան․ Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլի մասին տեղեկատվություն դեռևս չկա

Թե որ հատվածում է իրականացվելու Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլը, դեռ պարզ չէ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ես նման տվյալներ չունեմ»,-նշեց նա։

Անդրադառնալով այս պահին Կիրանցում տեղի ունեցող գործողություններին` Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ արդյունքում հայկական կողմը վերցնում է այն, ինչ իրենն է ու Ադրբեջանին տալիս է այն, ինչ իրենցն է։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք վերանայվի Կիրանցի այն երկու տան հարցը, որը սահմանազատման արդյունքում մնալու է Ադրբեջանին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև իրավական առումով սխալ կլինի։ Ենթադրենք 25 տուն էլ այնտեղից մնալու է էստեղ, բա որ իրանք էլ ասեն` սենց անենք։ Դրա համար մենք գիծն ենք հստակ պայմանավորվում` էստեղ էսա, էնտեղ էնա»։

Նա հավելեց նաև, որ իշխանությունը չի նախատեսում սահմանափակվել միայն Կիրանցի հատվածով. պետք է անցնել ամբողջ սահմանով։

Sputnik Արմենիա