Սիմոնյանն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը
Իշխանությունն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում։ Հերիք եղավ՝ մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ ու չվճարել։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ իրենք պետք է հարկ չվճարեն։ Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»,- հայտարարեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև անդրադարձավ Սուրբ Աննայի բակում ամեն երեկո անցկացվող հանդիպումներին, որոնք կազմակերպում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, և հայտարարեց, թե կաթողիկոսի երևանյան նստավայրը հանրահավաքների գրասենյակի են վերածել։
«Երևանի կենտրոնում նստավայր ունի կաթողիկոսը, եկեղեցի կա՝ Սուրբ Աննայի անվան, որտեղ միտինգներ են անցկացվում, այ քեզ բան, սեփական միտինգի գրասենյա՞կ է։ Ուզում եմ հասկանալ՝ ով է ձեզ թույլ տվել մտնել իմ հայ առաքելական եկեղեցու շինություն և միտինգներ կազմակերպել։ Էդտեղ միտինգներ կազմակերպելու տեղ չէ, Աստծո հետ հաղորդակցվելու տեղ է, դուք Աստված չեք, Աստծուց շատ հեռու եք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Sputnik Արմենիա