Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և նրա զինակիցների հրաժեշտի արարողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա զինակիցների, որոնք զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով, հրաժեշտի պաշտոնական արարողությունը սկսվել է Թեհրանում, այն գլխավորել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ Իրանի մայրաքաղաքից ուղիղ հեռարձակումն իրականացնում է IRIB հեռուստաալիքը։

 

Արարողությանը, Իրանի հոգևոր առաջնորդից բացի, ներկա են նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը, խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ Ռաիսիին հրաժեշտ տալու է եկել նաև պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Խամենեիի աղոթքից հետո սգո թափորը շարժվում է Թեհրանի փողոցներով դեպի Հեղափոխության հրապարակ, ցանկացողներին հնարավորություն կընձեռվի անձամբ հրաժեշտ տալ նախագահին և նրա զինակիցներին։ Կադրերում երևում է, որ Իրանի մայրաքաղաքի փողոցները լիքն են հազարավոր մարդկանցով, որոնք եկել են հրաժեշտ տալու ավիավթարի զոհերին։

Սպասվում է, որ արարողությանը մասնակցելու համար մայիսի 22-ին Թեհրան կգան Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլ բարձրաստիճան անձինք տարբեր երկրներից։

Մայիսի 20-ին Արևելյան Ադրբեջան նահանգի իսլամական քարոզչության վարչության ղեկավար Սեյեդ Մահմուդ Հոսեյնին Mehr գործակալության հարցազրույցում հայտնել էր, որ Ռաիսին կթաղվի իր հայրենի Մեհշեդ քաղաքում, իմամ Մոհամադ Ալի Ալե Հաշեմը՝ Թավրիզում, իսկ Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին՝ Մարաղա քաղաքում։ Թաղումները կկայանան մայիսի 23-ին։

News.am