Խամենեի․ Իրանը կշարունակի զգայուն լինել Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ
Իրանը պետք է շարունակի պահպանել ուշադրությունն ու զգայունությունը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ։ Այս մասին ասել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակել հաշվի առնել»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Նա հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի առաջնորդությամբ։
«Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն»,- շեշտել է այաթոլլա Ալի Խամենեին։
Հավելենք, որ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է աշխատանքային այցով։ ՀՀ վարչապետը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Sputnik Արմենիա