Բլինքենը ցանկանում է Բայդենին առաջարկել թույլ տալ Կիևին ԱՄՆ զենքով հարվածել ՌԴ տարածքին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս Կիև կատարած այցից հետո ցանկանում է Ջո Բայդենին առաջարկել թույլ տալ Կիևին ԱՄՆ զենքով հարվածել ՌԴ տարածքին։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ այժմ ԱՄՆ վարչակազմի ներսում ակտիվ բանակռիվներ են ընթանում այդ արգելքը հանելու շուրջ, քանի որ ՌԴ ԶՈւ-ն հարձակումներ է իրականացնում Խարկովի մոտ։ Ինչպես նշել է թերթը, ռուս զինվորականներն ընտրել են այս ռազմավարությունը, քանի որ Ուկրաինայի ԶՈւ-ին թույլ չի տրվում ամերիկյան զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։ Այժմ Բլինքենը մտադիր է առաջարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հանել այդ սահմանափակումը, գրել է NYT-ը։
Թերթի տեղեկացմամբ՝ խոսքը միայն ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը հանելու մասին է, այն դեպքում, երբ արգելքը ռուսական նավթավերամշակման գործարանների և այլ ենթակառուցվածքի նկատմամբ պահպանվում է։ Նշվել է, որ առաջարկը դեռ վերջնականապես մշակված չէ, և առայժմ պարզ չէ, թե քանի պաշտոնյա է Բայդենի մերձավոր շրջապատում աջակցում դրան։ NYT-ը պնդել է, որ ԱՄՆ նախագահն ինքը սովորաբար զգուշություն է ցուցաբերում նման հարցերի լուծման ժամանակ։
News.am