Գյուղապետ․ Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված հատվածներում Կիրանցի բնակիչները առավոտյան ադրբեջանական դրոշ են նկատել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
«Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ կողմում բերել են իրենց դրոշը դրել»,- նշեց Կամո Շահինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի բնակիչները այրում ու քանդում են իրենց անշարժ գույքը, որը սահմանազատման հետևանքով հայտնվելու էր Ադրբեջանի տիրապետության տակ: Կիրանցի բնակիչները նաև հրաժարվել էին իշխանության կողմից առաջարկվող փոխհատուցումից:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը մայիսի 24-ից իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից
Հիշեցնենք, որ մայիսի 19-ից մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը: Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսից: