Պետք է պետությանը ծառայեք, ոչ թե սրա- նրա քմահաճույքները կատարեք. սրբազանը՝ դատախազներին

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը քայլերդով հասավ դատախազություն։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դիմելով գլխավոր դատախազին ու դատախազության աշխատակիցներին ասաց, որ նրանք ոչ թե վարչապետին պետք է ծառայեն, այլ մարդկանց։

«Դատախազը պետք է ոչ թե զեկույցներ ներկայացնի վարչապետին, այլ հանրությանը ծառայի։ Դուք պետք է պետությանը ծառայեք, ոչ թե սրա, նրա քմահաճույքները կատարեք։ Ինչ գործ ասես` հարուցել են մարդկանց նկատմամբ` մեծ մասը ապօրինի ու անհիմն, անօրինական, կարված գործեր են»,– ասաց սրբազանը դատախազության շենքի դիմաց։

Նա նաև դատապարտեց դատախազությանը, որ քար լռություն է պահում, երբ Տավուշում իրականացվում է հակասահմանադրական ու ապօրինի սահմանագծում կոչված գործընթացը։

«Սա լրիվ ձեր տիրույթում է գտնվում։ Իսկ դուք լռել եք, լռել եք, որովհետև այդ հանցանքի մասնակից եք»,– հավելեց նա։

Դատախազությունից հետո ակցիան շարունակելու համար շարժման մասնակիցները գնացին դեպի նախարարությունների շենք։

Sputnik Արմենիա