Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք
Դատախազությունը պահանջում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թ․ մայիսի 23-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր,
- 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար,
- 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
- 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ,
- շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք։
Հիշեցնենք` Վարդան Այվազյանը բնապահպանության նախարար է եղել 2001-2007 թվականներին։
Sputnik Արմենիա