ՀՀ ՔԿ շենքի մոտ շղթաներով ու հայելիներով ակցիաներ անցկացվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շղթաներով ակցիա իրականացրին ՀՀ քննչական կոմիտեի մոտ` պահանջելով ազատ արձակել մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց կողմնակիցներին:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ մայիսի 31-ին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ձերբակալված քաղաքացիներին մեղադրանք չի առաջադրվել, ինչը նշանակում է, որ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո նրանց բոլորին պետք է ազատ արձակեն։ Ակտիվիստների մեկ խմբի դեպքում 72 ժամը լրանում է հունիսի 3–ին` ժամը 15:30-ին, մյուսների դեպքում` ժամը 17:00-ին:
«Ազատազեն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ակցիայի մի քանի մասնակիցներր շղթաներով կապկպել են իրենց և կանգնել ուղիղ ոստիկանության ծառայողների դիմաց:
ՔԿ շենքի դիմաց դա միակ ակցիան չէր։ Մի խումբ այլ երիտասարդներ էլ ֆլեշմոբ կազմակերպեցին` բարձրացնելով հայելիները և իրավապահներին առաջարկելով կողքից նայել իրենց գործողություններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջել է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կամ որևէ այլ ներկայացուցիչ իրենց մոտ իջնի և ներկայացնի 27 ակտիվիստի ձերբակալման պատճառները:
Ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչը փոխանցեց, որ ՔԿ-ից ոչ ոք չի իջնի, քանի որ ըստ կարգի` հարկավոր է դիմում գրել։ Ի պատասխան` շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը դիմեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։
«Պարոն Քյարամյան, Դուք չե՞ք կարող հանդիպել քաղաքացիների հետ։ Չե՞ք ուզում իջնել Ձեր բարձրությունից: Մենք ինչ-որ կերպ կգանք, բայց հիմա կարող եք մարդ ուղարկել»,– ասաց Գալստանյանը։
Sputnik Արմենիա