Ահմադինեժադն ու Լարիջանին դուրս են մնացել Իրանի նախագահական ընտրապայքարից

Իրանի երկու հայտնի քաղաքական գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները չեն ստացել Իրանի վերահսկիչ խորհրդի հավանությունը։ Հաղորդում է Mehr պետական գործակալությունը:

Նշենք, որ նրանք պատրաստվում էին մասնակցել հունիսի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին։

Իրանի վերահսկիչ խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան-Նազիֆը պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է, որ դիտորդ խորհուրդն ավարտել է այն թեկնածուների պահանջների համապատասխանության ստուգումը, որոնք գրանցվել են երկրի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

Mehr –ին հասած լուրերի համաձայն` Ահմադինեժադն ու Լարիջանին չեն կարողացել անցնել նախագահական ընտրություններին մասնակցելու պահանջներին համապատասխանության ստուգումը։

Իրանական մեկ այլ պետական լրատվամիջոց՝ Tasnim–ը, հայտնել է այն վեց քաղաքական գործիչների անունները, որոնք կընդգրկվեն թեկնածուների վերջնական ցուցակում։ Նրանք են` ՆԳՆ նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամադին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը, ինչպես նաև Վետերանների հիմնադրամի ղեկավար Ամիր-Հոսեյն Գազիզադե-Հաշեմին:

Sputnik Արմենիա