Գարեգին Բ-ն Ամերիկայի հայկական համագումարի նախագահի հետ քննարկել է ՀՀ-ում տիրող իրավիճակը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարի, համանախագահներ Վան Գրիգորյանի, Էնթոնի Բարսամյանի և գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Հայաստանի ներքաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակին։ Կարևորվել է աշխարհասփյուռ հայության կյանքում եկեղեցու առաքելությունը՝ ուղղված ժողովրդի միասնության ու համերաշխության ամրապնդմանը, ինչպես նաև համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Sputnik Արմենիա