Փաստաբան․ Ձերբակալված քաղաքացիներին կալանքի միջնորդություն դեռևս չի ներկայացվել
Բաղրամյան պողոտայից hունիսի 12-ին ձերբակալված 28 քաղաքացիների նկատմամբ դեռևս կալանքի միջնորդություն չի ներկայացվել. նրանցից մեկը ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայից հունիսի 12-ին, 72 ժամով ձերբակալված Տեր Սամվել վարդապետը երեկ ժամանակից շուտ ազատ է արձակվել: Այդ մասին հայտնել էր փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Նոր տենդենց է նկատվում, քննչական մարմինները սկսել են անարդար խաղով խաղալ. սպասում են 72 ժամը լրանա, հետո նորից ձերբակալում են 24-ժամյա ռեժիմով՝ այլ կասկածանքով կամ քննչական գործողություններ անելու նպատակով, ու այդ ընթացքում են կալանքի միջնորդություն ներկայացնում: Այդպես 72 ժամը դարձնում են 96 ժամ: Դրա նպատակներից մեկն այն է, որ ուղղակի ֆիզիկապես չեն կարողանում հասցնել, մյուսն էլ այն, որ ցանկանում են ավելի պահել մարդկանց, ավելի երկար մեկուսացնել»,-ասաց փաստաբանը՝ նշելով որ բազմաթիվ այդպիսի դեպքեր են ունեցել, երբ քաղաքացին ազատ է արձակվել 72 ժամ անց, սակայն կրկին 24-ժամյա ռեժիմով ձերբակալվել է՝ կալանքի ներկայացվելու նպատակով կամ այլ կասկածանքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էր դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան: