Հայաստանն ու Մոլդովան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել այսօր Քիշնևում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը:

«Կարծիքներ են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցությունների ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկվել են ակտիվացման ուղիները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մոլդովացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման օրակարգին:

Sputnik Արմենիա