Հայտնի է` ինչ են քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներն Աստանայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման փորձը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները:

«Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի և միջոցների կիրառման փորձը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ նիստի ընթացքում կողմերը քննարկել են «Փոխգործակցություն-2023» զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների համատեղ փոխգործակցության փորձը:

ՀԱՊԿ անդամ պետությունները 2024 թվականին յոթ զորավարժություն կանցկացնեն` «Փոխգործակցություն 2024», «Անխախտ եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություններ, «Որոնում 2024», «էշելոն 2024», «Ժայռ 2024», «Կոբալտ 2024» հատուկ զորավարժություններ, «Ռուբեժ 2024» համատեղ զորավարժությունները Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի տարածքում:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Sputnik Արմենիա