Պապյան․ Լրտեսական ծառայությունները կկոտրեն մի փոքր խանութի հնացած տեսախցիկը և դրա միջոցով կհայտնվեն ՆԳՆ ցանցում
Ես բավական մանրամասն ուսումնասիրել եմ մասնավոր տարածքներում տեսախցիկներ պարտադրելու նխագծի հիմնավորումները և այտեղ շատ վտանգավոր հարցեր կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին, ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը:
Նշենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանական փաթեթ, որով առաջարկվում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզա-գազալցակայանների մուտքի ու մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ և դա պարտադիր դարձնել օրենքով: Սրանով, ըստ էության, ոստիկանությունը հասանելիությունը է ստանում այդ բոլոր տեսախցիկներին:
«Այստեղ հղում կա Smart Sity հասկացությանը: ՀՀ-ում արդեն 2017-ից փորձեր են արվում դրանց ներդրման շուրջ, արդեն որոշակի պայմանավորվածություններ կան չինական արտադրողների հետ: Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանը չի արտադրում տեսախցիկներ, ցանցային սարքավորումներ, չի արտադրում սեփական արհեստական բանականության լուծումներ: Այսինքն մենք հույս ենք դնելու օտարերկրյա արտադրության սարքերի ու տեխնիկայի վրա: Քանի որ մենք փոքր շուկա ենք, չեմ կարծում, թե հնարավորություն է լինելու վերահսկել այդ ամբողջ մատակարարման ցանցը: Թե մինչև Հայաստան հասնելը այդ սարքերի մեջ ինչ կդրվի, մենք չենք իմանալու և չունենք դա վերահսկելու տեխնիկական հնարավորություններ: Վերջում ունենալու ենք ցանց, որին չենք տիրապետում: Հետևաբար, հասկանալի չէ, թե բացի մեր ՆԳՆ-ից, էլ ով դրանց հասանելիություն կստանա»,-ասաց նա:
Պապյանի խոսքով, ցանկացած օտարերկրյա լրտեսական ցանցի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի այդ ցանցը կոտրելը. «Այսինքն կոտրում ես մի փոքրի խանութի հնացած տեսախցիկը և դրա միջոցով փորձում ես հայտնվել ցանցում: Սա պաշտպանության իմաստով շատ լուրջ խնդիր է: Կամ էլ պետք է պարտադրեն բոլոր փոքր սննդի կետերին ու օբյեկտներին հսկայական ծախսեր կատարել, ամեն տարի անվտանգության աուդիտ անցկացնեն: Սա լուրջ ծախս է փոքր տնտեսվարողի համար»,-ասաց Պապյանը:
News.am