Աշոտյանի գործով վկաների հարցաքննությունները դռնփակ կանցկացվեն

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը, բայց վկաների հարցաքննությունն ուղիղ եթերով չի հեռարձակվելու։

Ավելի վաղ հայտնել էինք` դեռ ապրիլի 11-ին, չնայած այն բանին, որ ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները երաշխավորություն էին ներկայացրել, դատարանը որոշեց, որ Աշոտյանի կալանքը պետք է երկարաձգվի ևս 3 ամսով։ Դոլմազյանը հայտնել էր` որոշումը պայմանավորված է նրանով, որ դեռ հիմնական դատալսումներ չեն եղել, ապացույցները չեն հետազոտվել, վկաներն էլ չեն հարցաքննվել։

Այսօր արդեն մեկնարկել են վկաների հարցաքննությունները։

Դատախազի միջնորդությամբ դատարանը որոշեց թույլ չտալ, որ վկաների հարցաքննությունն ուղիղ եթերով հեռարձակվի։

«Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Մելիքյանը։

Աշոտյանի պաշտպանական խումբը խստորեն առարկել է միջնորդությանն ու որոշմանը։ Մելիքյանը վստահ է` որոշումը նախապես է կայացվել։

Sputnik Արմենիա