Զախարովա. Հայաստանի ԱԽ քարտուղարը նվաստացրել է իր ժողովրդին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է իր ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որպես իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները ստորացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին իրենց տարածքը, տվեցին իրենց կյանքը և սա համարեցին պատմական կարևորություն։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա։ Նրանք գիտեին, թե ինչու են գնում մարտի, ինչու են զոհաբերում իրենց բարեկեցությունը, իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։
Եվ ինչպես կարելի է նրանց հիշատակը դավաճանել այդքան ցինիկ կերպով՝ զրոյացնել այն, ինչ նախկինում և, կարծում եմ, հիմա Հայաստանում սխրագործություն էին անվանում»,- ասել է Զախարովան։
ԱԳՆ խոսնակը խոսել է «ժամանակավոր կառավարողների մասին, որոնք ակնհայտորեն սնվում են դրսից» և վիրավորում են իրենց ժողովրդին։
«Ինձ համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողությանը վերաբերվել այդքան նվաստացուցիչ կերպով», - ավելացրել է նա:
Ավելի վաղ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը «Հայաստանից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել Ադրբեջանին և հեռացել»։ Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանը լիովին կախված էր Ռուսաստանից։
News.am