Բայրամովը հայտնել է՝ ինչն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։
Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայկական կողմին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը։ Այս մասին Թբիլիսի կատարած այցի ժամանակ վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- հավելել է նախարարը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։
«Փաստինֆո»