Արցախցի եղբայրներին ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդի նկատմամբ տնային կալանք է նշանակվել

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց արցախցի եղբայրներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ տնային կալանք է նշանակվել, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՔԿ-ն մանրամասնել է, որ 2024թ հունիսի 21-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, «SAS» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների և Երևան քաղաքի 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկի մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարված է հասցրել եղբայրներից մեկի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Ըստ ՔԿ-ի՝ երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 10 տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

«Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Հունիսի 24-ին ՔԿ-ն հայտնել էր, որ արցախցիներին ծեծելու գործով քրեական հետապնդում է հարուցվել Երևանի բնակչի նկատմամբ։ Հունիսի 22-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող։ Փաստաբան Ռոման Երիցյանը հունիսի 21-ին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ճանապարհ չտալու պատճառով տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև դաժանաբար ծեծել են, իսկ քննիչները «հարսանիքի հրավիրված լինելու պատճառով ոչինչ չեն ձեռնարկել»։

Armenia Today