ԵՄ-ին չի հաջողվել պայմանավորվել ՌԴ ակտիվներից 50 միլիարդ դոլարը Կիևին փոխանցելու հարցում

Եվրամիությունը չի կարողացել հաստատել Կիևի համար G7-ի 50 մլրդ դոլարի վարկը, որը վերցվելու է ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից: Ինչպես հայտնում է RT–ն, ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության չեկան.. Քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին», - ասել է Միշելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ավելի վաղ ասել էր, որ Եվրամիության թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան, չեն միացել Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտները Կիևին փոխանցելու որոշմանը:

Միաժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՀ-ն 1,9 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության տրանշ է փոխանցել Ուկրաինային:

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունից նշել էին, որ Արևմուտքի երկրներում սառեցված ակտիվները հավանաբար երբեք չեն վերադառնա Ռուսաստան:

Sputnik Արմենիա