Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել
Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահ Ռոման Խանամիրյանը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել, մինչդեռ գյուղացիները պնդում են, որ անասնաֆերմայի իրական սեփականատերը Խաչատուր Սուքիասյանն է, գրում է «Հետքը»։
Լրատվամիջոցը պարզել է, որ նորակառույց անասնագոմերի շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն` Ռանչպար գյուղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցեի 3.5 հեկտար հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ռոման Խանամիրյանին։
2023 թ.-ի փետրվարին նա գույքը գնել է Ռանչպար գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրյանը հողը գնելուց հետո այն գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։
Մասիսի համայնքապետարանից հայտնել են, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Պարզվել է, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։
Համայնքապետարանից նաև հայտնել են, որ որոշումներից մեկը Ռոման Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (ՀԿԱԾ)։
«Հետքը» պարզել է նաև, որ Գետազատ գյուղի բնակիչ Ռոման Խանամիրյանը 42 տարեկան է։ 2012 թ. նա Գետազատի գյուղապետարանում է աշխատել` զբաղեցրել է ֆիզկուլտուրայի և սպորտի կազմակերպչի հաստիքը։ Հետագայում գյուղացիները Խանամիրյանին հաճախ են տեսել Խաչատուր Սուքիասյանին ուղեկցողների մեջ, որից պարզ է դարձել, որ Ռոման Խանամիրյանը նրա թիկնապահներից է։
Լրատվամիջոցը թեմայի շուրջ պարզաբանումներ է խնդրել Խաչատուր Սուքիասյանից։ Պատգամավորի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը նշել է, որ Խաչատուր Սուքիասյանը չի զբաղվում գործարարությամբ, ուստի բարձրացված հարցերը տեղին չեն և Խաչատուր Սուքիասյանի հետ ոչ մի առնչություն չունեն։ Մինչդեռ Ռոման Խանամիրյանը լրատվամիջոցի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Ռանչպար գյուղում անասնաֆերմա է կառուցել։ Այն հարցին, թե ինչո՞ւ է կառուցապատումն անօրինական արել, նա հայտնել է, որ հանդիպման ընթացքում կմանրամասնի, սակայն տեղ ու ժամ այդպես էլ չի նշել։ Նա նաև չի հերքել, որ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահն է։
Sputnik Արմենիա