Լիլիթ Գալստյանը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ-ին դատապարտել ՀՀ-ում ժողովրդավարության անկումը

ԵԱՀԿ ԽՎ–ն պետք է դատապարտի Հայաստանում ժողովրդավարության շարունակական անկումը և համերաշխություն հայտնի իրավական պետություն կառուցելու ՀՀ քաղաքացիների հավատարմությանը: Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ–ում իր ելույթի ժամանակ կոչով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Պատգամավորը նաև ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հարցերով զեկուցողին առաջարկեց այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու իրավիճակն ու անելու համապատասխան հետևություններ:

«Ներազգային պառակտվածության մթնոլորտում ՀՀ–ն բախվում է կառավարման ավտորիտար ռեժիմի շարունակական հաստատման հետ»,–ասել է նա իր ելույթում:

Նա հիմնական շեշտադրումն արել է ոստիկանական ապօրինի գործողությունների, բռնությունների ու խոշտանգումների, ընդդիմադիրների նկատմամբ անօրինական քրեական հետապնդումների վրա, որոնք վկայում են իշխող ուժի կողմից իշխանության յուրացման և կենտրոնացման մասին:

«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերով հետապնդումներն ու քաղաքական բռնաճնշումների իրականացումը դարձել են սովորական գործելաոճ: Ընդդիմադիր հայացքների համար ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ են ապօրինաբար բանտարկվել, նրանցից շատերը միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն քաղաքական բանտարկյալներ են»,– հայտարարել է պատգամավորը:

Ըստ նրա` չնայած տասնյակ հաղորդումներին և արձանագրված փաստերին` ոչ մի ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Նա տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորը տասնյակ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել իր իսկ կուսակցության գրասենյակի դիմաց:

Գալստյանը նաև հիշեցրել է, որ լայնամասշտաբ վերջին խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունն անիրավաչափ ուժ և հատուկ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետևանքով վիրավորում և բեկորային վնասվածքներ ստացան հարյուրից ավելի ցուցարարներ, այդ թվում` 10 լրագրող:

Sputnik Արմենիա