Մահացած զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել կզակի հատվածում. մանրամասներ

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեքպը տեղի է ունեցել դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, ժամը 00։45-ի սահմաններում։ Զինծառայողին անմիջապես տեղափոխել են կայազորային հոսպիտալ, իսկ ժամը 02։20-ի սահմաններում նա գիտակցության չգալով` մահացել է։

Քրեական վարույթ է նախաձեռնվել զորամասում կամ զինծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվը և արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու հոդվածով։

Ձևավորվել է քննչական խումբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված AK տիպի ինքնաձիգը։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։

Sputnik Արմենիա