ՌԴ ԱԳՆ․ Արևմուտքի կողմից Կովկասում բաղադրատոմսերի պարտադրումը կհանգեցնի նոր գծերի առաջացման
Հայաստանը զինում են սպառազինությամբ, փորձում վերակառուցել այն պաշտպանական ոլորտում, միաժամանակ ՆԱՏՕ էմիսարները այցելություններ են կատարում Բաքու։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխղեկավար Անդրեյ Նաստասյինը։
«Դա խորացնում է լարվածությունը երկու հանրապետությունների միջև, չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը, սադրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում»,- ասել է նա։
Նա նորից կրկնել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ունիվերսալ բազան մնում է 2020 և 2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ կայունությունը և անվտանգությունը Հարավային Կովկասում կարող է և պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակում։
«Եվրատլանտյան գործիչների կողմից իրենց բաղադրատոմսերի պարտադրումը, որոնք հեռու են տարածաշրջանի առանձնահատկությունը հասկանալուց, կհանգեցնի նոր բաժանարար գծերի Հարավային Կովկասում և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև համաեվրասիական անվտանգության համար։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը դա լավ են հասկանում»,- ասել է Նաստասյինը։
News.am