Դարչիաշվիլի․ Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի որոշումը սահմանազատման գործընթացն սկսելու մասին
Վրաստանը և Հայաստանը կապված են հատուկ բարեկամությամբ և բարիդրացիությամբ, որը բազմադարյա պատմություն ունի։ Համոզված եմ, որ ՀՀ ԱԳ նախարարի այսօրվա այցը նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերություններին։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։
Ինչպես նշել է Դարչիաշվիլին, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ Հայաստան-Վրաստան երկկողմ համագործակցությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակ։
«Պետք է նշել, որ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակ, նոր փուլը դարձել է բեկումնային մեր բազմակողմ համագործակցությունում։ Այսօրվա հանդիպման ժամանակ ես մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեցի գործընկերոջս ՄԱԿ բանաձևի պատմական աջակցության համար, որը հաստատում է բոլոր բռնի տեղահանվածների և փախստականների Աբխազիա և Ցխինվալ վերադառնալու իրավունքը, ինչի համար կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ձեզ»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով՝ հայ գործընկերոջ հետ զրույցում իրենք քննարկել են երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
«Վրաստանը և Հայաստանը ամուր պաշտպանում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Մենք խոսել ենք ինտենսիվ բազմապլան համագործակցության մասին մեր երկրների միջև։ Հայաստանը մտնում է Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների տասնյակում, ինչպես նաև զբոսաշրջության առաջատարների եռյակում։ Մենք քննարկել ենք տարբեր ուղղություններ այդ հարցերի վերաբերյալ, և ես համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցությունը այսուհետ ևս կամրապնդվի, ինչը օգուտ կբերի երկու երկրներին։ Մենք խոսել ենք տարածաշրջանի ընթացիկ գործընթացների մասին, որոնք համապատասխանում են մարտահրավերներին և հնարավորություններին, ընդգծել ենք մեր համատեղ ջանքերի կարևորությունը այդ մարտահրավերների հաղթահարման գործընթացում։ Վրաստանը ամուր աջակցում է կայունությանն ու խաղաղ համակեցությանը Հարավային Կովկասում»,- հայտնել է Իլյա Դարչիաշվիլին։
Բացի այդ, ինչպես նշել է Դարչիաշվիլին, նա հուսով է, որ խաղաղության համաձայնագրի գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև կպահպանի դրական դինամիկան։
«Մենք պատրաստ ենք, մեր հարևանների պահանջմունքների և մեր հնարավորությունների սահմաններում, շարունակել նպաստել կառուցողական երկխոսության առաջմղմանը և կայունության ու խաղաղության ապահովմանը տարածաշրջանում։ Մենք ողջունում ենք պատմական որոշումը, որը ձեռք է բերվել խաղաղ ճանապարհով Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետական սահմանի սահմանազատման գործընթացն սկսելու մասին։ Հուսով եմ, որ խաղաղության համաձայնագրի գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև կպահպանի դրական դինամիկան»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։
News.am